«Զույգ և կենտ թվեր»

Փետրվարի 12-ին մաթեմատիկայի բաց դաս էր կազմակերպել դասվար Հ. Ղուբաթյանը: Դասի թեման էր «Զույգ և կենտ թվեր»: Ուսուցիչը դասը սկսեց չինական իմաստությամբ. լսում եմ` մոռանում եմ, տեսնում եմ` հիշում եմ, կատարում եմ` հասկանում եմ: Բոլորին մաղթեց բարձր տրամադրություն և դասը սկսեց բանավոր հաշվարկով: Լուսաէկրանի վրա մուլտֆիլմի հերոսին գտնելով` երեխաները կատարեցին բազմապատկման, բաժանման, գումարման և հանման գործողություններ: Գտան 2 -ի պատիկ թվերը և ծանոթացան զույգ ու կենտ թվերին: Յուրաքանչյուր գիտելիք ուսուցիչը մատուցում էր հետաքրքիր խաղերի և դիդակտիկ պարագաների օգնությամբ: Երեխաները պարում էին և երաժշտության դադարից հետո կազմում էին զույգեր: Նրանք հասկացան, որ ավելի լավ է կյանքում ունենալ ընկեր, քան լինել միայնակ: Ընկերությունն ամրապնդելու համար երգեցին «Ամենալավ ընկեր» երգը: Կարմիր և կապույտ դրոշների օգնությամբ աշակերտները կարողացան գտնել զույգ և կենտ թվերը: Խնդիրը լուծեցին մետաղադրամների օգնությամբ` տարբեր եղանակներով: Դասն ամփոփվեց «2 աստղիկ և 1 դրոշակ» մեթոդով: Երեխաները ցանկություն հայտնեցին, որ ավելի շատ բաց դասեր լինեն, որ բոլոր երեխաները սիրեն մաթեմատիկան և զարգացնեն իրենց տրամաբանությունը: