Հունիսի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Հունիսի 14, 2017

«SECOND TRIP TO FAIRY-TALE» ծրագիր

Ժամանակակից ՏՀՏ հմտությունների և հնարավորությունների առաջխաղացումը կյանքում, ճիշտ է, բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը, հաղորդակցումը միևնույն միջավայրում և նույն «լեզվով», սակայն ետ է մղում գրքերի, գրականության նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը: Այդ արդիական խնդրի որոշակի հաղթահարմանն է ուղղված մոտ 2 տարի տևած համագործակցային, մեկ վիրտուալ տարածությունում տարբեր երկրների հեքիաթների հավաքագրմանը միտված, 10-15 տարեկան աշակերտների հետ պլանավորված «SECOND TRIP TO FAIRY-TALE» ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է ստեղծելու կապ սովորողի և գրքի միջև: Այդ նպատակով աշակերտները պատրաստեցին զանազան գեղեցիկ էջանիշեր, որոնք ուղարկվեցին գործընկեր երկրների ուսհաստատությունների սովորողներին, իրենք էլ իրենց հերթին փախանակվեցին տարատեսակ էջանիշերով, ողջույնի խոսքերով և գրքի նկատմամբ հետաքրքրության կոչերով: Շնորհակալություն Մոլդովայի և Ուկրաինայի մեր համագործակիցներին:

Posted by: | Posted on: Հունիսի 13, 2017

Բազմաֆունկցիոնալ գրադարան-ընթերցասրահի բացման արարողություն

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» դասընթացի շրջանակներում ս.թ-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեծ հանդիսավորությամբ դրամաշնորհներ տրամադրեց 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների /ԱՀԿ-ների/: Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի «Վերածնունդ» ԱՀԿ-ն կարողացավ պատվով հաղթահարել մրցապայքարը: ԱԳԸ-ի կողմից նախաձեռնվեցին իրական բիզնես գործառնություններ, մասնավորապես` արտադրվեցին թափոններից պատրաստված զարդատուփեր, որոնք վաճառվեցին Վանաձորի №16 հիմնական դպրոցի տարածքում և մոտակա համայնքում: Այնուհետև անհրաժեշտ էր, որպեսզի «Վերածնունդ» աշակերտական հասարակական կազմակերպությունը ընտրի համայնքային խնդիր և առաջարկի նրա լուծման ուղիներ: Ընտրված համայնքային խնդիրը բազմաֆունկցիոնալ ընթերցասրահ-գրադարանի ստեղծումն էր դպրոցում: Բազմաֆունկցիոնալ գրադարան-ընթերցասրահի աշխատանքները անցան բուռն ընթացքի փուլի: Աննկարագրելի կերպարանափոխությամբ գրադարան-ընթերցասրահը վերջապես մայիսի 30-ին դպրոցի հյուրընկալ տանիքի ներքո մեծ շուքով և խանդավառությամբ ընդունեց հարգարժան հյուրերի:

Posted by: | Posted on: Հունիսի 8, 2017

«Հավերժի ճամփորդ՝ այբուբեն հայոց»

Տոնական տրամադրություն էր Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում: I «Բ» դասարանի աշակերտները (դասվար՝ Գ.Խառատյան) պատրաստել էին գրաճանաչության տոնին նվիրված միջոցառում. «Հավերժի ճամփորդ՝ այբուբեն հայոց»: Երեխաները մի պահ տեղափոխվել էին Հայասա ու Նաիրի, դեպի Հայկի ու Բելի ժամանակաշրջան, դեպի 5-րդ դար՝ հայ գրերի ստեղծման ժամանակաշրջան: Նրանք մարմնավորել էին մեր հայտնի նախնիներին՝ Հայկին ու Սասունցի Դավթին, Արա Գեղեցիկին ու Տիգրան Մեծին, Մեսրոպ Մաշտոցին: Միջոցառումն անցավ երաժշտական ու պարային համարներով համեմված: Եվս մի սերունդ դարձավ գրաճանաչ, սովորեց ոսկեղենիկ հայերենը, որով պիտի կարողանա բացել գիտության շա˜տ ու շա˜տ փակ դռներ: Միջոցառման վերջում բոլորին հանձնվեցին գրաճանաչության վկայականներ: