Մարտի, 2019

now browsing by month

 
Posted by: | Posted on: Մարտի 13, 2019

ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԱՐԱՆ

Վանաձորի համար 16 դպրոցը շարունակում է բարեկարգվել: Դպրոցում առկա են բոլոր հարմարավետ պայմանները աշակերտների լավագույն կրթության և դաստիարակության համար: Արդեն բարեկարգված մարզասրահին, ժամանակակից գրադարան-ընթերցասրահին ու սմարթ դասասենյակին ավելացավ ևս մեկը՝ անգլերենի մասնագիտացված դասասենյակը:

2017 թ-ի մայիս ամսին Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցն իր հյուրընկալ դռները բացեց ԱՄՆ Խաղաղության Կորպուս Հայաստանի կամավոր Քելեբ Հյուբենի առջև: Արդեն երկու տարի է պարոն Հյուբենն իր փորձն ու գիտելիքներն է ներդնում աշակերտների անգլերեն լեզվի ուսուցման գործում, մեթոդապես օգնում ուսուցիչներին, անցկացնում սեմինարներ՝ ուսուցիչներին զինելով նորագույն մեթոդներով:

2019 թ-ի մարտի 7-ին «Փոքր Ծրագրի Աջակցություն» դրամաշնորհի և Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի համաֆինանսավորմամբ՝ 2019թ. ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ Խաղաղության Կորպուս Հայաստանի կամավոր Քելեբ Հյուբենի և դպրոցի անգլերենի ուսուցիչների համատեղ ջանքերով բացվեց անգլերեն լեզվի մասնագիտացված դասասենյակը: Դասասենյակի գույքն ու հարուստ գրականությունը ձեռք էր բերվել դրամաշնորհի միջոցով: Բացմանը ներկա էին ԱՄՆ Խաղաղության կորպուսի ծրագրերի համակարգող Ջինա Գրոթելուշն, դրամաշնորհների պատասխանատու Հովհաննես Ստեփանյանը, Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության Կրթության բաժնի ներկայացուցիչ Լիանա Բաբայանը և այլ հյուրեր: Երգ, պար, բեմականացում՝ այսպես ներկաներին ողջունեցին դպրոցի աշակերտները՝ ցուցադրելով անգլերեն լեզվից իրենց հարուստ գիտելիքները:

Դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանը շնորհավորեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց Խաղաղության Կորպուսին նման հնարավորության համար՝ վստահեցնելով, որ պարոն Հյուբենի հետ համագործակցությունը տվել է իր դրական արդյունքը: Աշակերտներն էլ իրենց հերթին խոստացան, որ ամենայն արդյունավետությամբ կօգտագործեն դասասենյակը՝ նպաստելով իրենց իսկ լեզվական գիտելիքների հարստացմանը: